ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔ ՄԵՐ ԲԱԶՄԱՎԱՍՏԱԿ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋՆ ՈՒ ՈՒՍՈՒՑՉԻՆ

78 տարեկանում, երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, կյանքից հեռացավ ճանաչված ու սիրված դասախոս, հանքարդյունաբերական ոլորտի լավագույն մասնագետ

ՍՏԵՓԱՆ ԿՆՅԱԶԻ ՄԵԽԱԿՅԱՆԸ:

Մինչև վերջին շունչ նա հետաքրքրվում ու ապրում էր ոլորտի խնդիրներով, անմիջական կապի մեջ էր Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամների, տնօրինության հետ: Այդ կապն ու համագործակցությունը տարիների  ընթացքում վերածվել էին ջերմ բարեկամության: Եվ բոլորովին պատահական չէր, որ բազմավաստակ մանկավարժն ու փորձառու մասնագետը 2013 թվականին պարգևատրվեց Միության հուշամեդալով:

Նրան բնութագրելու համար կարելի է օգտագործել մեր բառապաշարում գոյություն ունեցող ու չունեցող բոլոր դրական արտահայտությունները. ուշադիր լսող, արձագանքող, օգնության պատրաստ, համեստ անձնավորություն, լավ ընկեր, հոգատար ուսուցիչ…

Մի առիթով տասնամյակներով նրա հետ աշխատած ու լավ ճանաչող գործընկերներից մեկն ասաց՝ …երբևէ չեմ հանդիպել մեկին, ով Ստեփան Մեխակյանից դժգոհի կամ վատ արտահայտվի նրա մասին…  

            Նրա մահվան առթիվ որոշեցինք մահախոսական տեղադրել Միության կայքէջում, սակայն այդ անսահման բարի մարդու մասին բավարարվել լոկ տարեթվեր նշելով, նշանակում է ոչինչ չասել ու առավել ևս՝ այնպես չասել, ինչպես բոլորս կուզենաինք: Եվ հիշեցինք նրա գործունեության ու կյանքի անցած ուղու մասին պատմող այն հոդվածը, որը «Հանքագործ և մետալուրգ» հանդեսում տպագրվել էր հենց Միության հուշամեդալն ստանալու առթիվ:

Եվ դա թող լինի ոչ միայն նրա իրական բնութագիրը, այլև բոլորիս հրաժեշտի խոսքը մեր գործընկերոջն ու ուսուցչին: 

 

ԱՐԺԱՆԻՆ՝ ԱՐԺԱՆԱՎՈՐԻՆ

Ստեփան Մեխակյանի հետ զրույցը քիչ մնաց չստացվեր: Մարդը համեստորեն կարծում էր, որ իր մասնագիտական բնագավառի մասին ասելու շատ բան կա, իսկ իր մասին, ախր, ի՞նչ պատմի, ասելու բան չկա: Լավ, մինչև իրեն հասնելը, ի՞նչ կա «հեռուներում», որտե՞ղ են արմատները: Եվ ո՞վ այս թեմայից չի ոգևորվի: Ասում է, նախնիներս Տարոնից են գաղթել 1870-ական թվականներին: Պապը մասնակցել է ռուս-թուրքական պատերազմին, լսել է, որ լավ կռվող, լավ էլ աշխատող-արարող մարդ է եղել: Նրանից հետո արժանիորեն փառաբանում է հորը. նա հայերենի մասնագետ էր, վաստակավոր ուսուցիչ, որ մինչև խոր ծերություն սիրած  աշխատանքից չբաժանվեց: Դպրոցը նրա համար տաճար էր, ուսումը, կրթությունը սուրբ գործ: Ահա այսպիսի մտածողության հարազատների միջավայրում մեծացան ու դաստիարակվեցին Մեխակյանների բազմանդամ ընտանիքի վեց զավակները, որոնք բոլորն էլ բարձրագույն կրթություն ստացան:

Ստեփանն աշխատանքի դժվարությունն ու բերկրանքը զգաց դեռ դպրոցական տարիներից: Այլ կերպ հնարավոր չէր. ուսուցչի համեստ աշխատավարձով ընտանիքը չէր գոյատևի, ու պետք էր օգնել ծնողներին: Մասնագիտության ընտրության հարցում նրա համար որոշիչ եղավ երկրաբաններով բնակեցված շենքում նրանց հարևանությամբ ապրելը: Դա սեր ու կապվածություն առաջացրեց պատանու մեջ այդ մասնագիտության նկատմամբ և բնական էր, որ դպրոցն ավարտելուց հետո նա հոգու խորքում արդեն ուներ նախընտրած մասնագիտությունն ու հենց այնտեղ էլ հստակորեն տեսնում էր իր ապագան: Դիմեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիական ֆակուլտետ: Այդ տարիներին պոլիտեխնիկի ուսանող դառնալը հանաք բան չէր: Ընդունվելու համար գիտելիքների լուրջ պաշար էր հարկավոր ունենալ: Ինքնահաստատման, կայանալու նման մի զգացողություն կար համադասարանցի մի քանի տղաների միջավայրում, և ամենադժվարինին հասնելու ձգտումը պարզապես պատվի ու պատվախնդրության հարց էր բոլորի համար:

Առաջին իսկ օրվանից բուհը Ստեփանի համար դարձավ հարազատ օջախ, որին ավարտելուց հետո էլ հրաժեշտ չտվեց: Ինստիտուտի գիտահետազոտական բաժնի առաջատար մասնագետ, «Լեռնային գործ» ամբիոնի ավագ լաբորանտ, ստաժոր-հետազոտող. ահա այն ճանապարհը, որ ուսումնատենչ երիտասարդին տարավ դեպի գիտություն:

1969-ին Ստեփան Մեխակյանը ընդունվում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրան և, 1975 թվին հաջողությամբ պաշտպանելով թեկնածուական ատենախոսությունը, անցնում աշխատանքի «Լեռնային գործ» ամբիոնում՝ նախ ավագ դասախոսի, իսկ 1977 թվից՝ դոցենտի պաշտոնում: Իր մասնագիտության լայնքն ու խորքը ջանադրորեն ուսումնասիրող երեկվա ուսանողը եռանդն ու ավյունը շարունակեց դրսևորել մանկավարժական-կրթական աշխատանքում:

1982-1985թթ. գործուղվել է Նիգերիա և լեռնային մասնագիտությունների գծով դասախոսություններ կարդացել Բաուչի քաղաքի Ֆեդերալ պոլիտեխնիկական ինստիտուտում: Քանի՜ հարյուրներով են հաշվվում նվիրյալ դասախոսի սաները` նրա շնորհիվ քանի՜ քանիսի հոգում բույն դրեց ու խորացավ սերը լեռնային գործի նկատմամբ, քանի՜ քանիսին կարողացավ հասցնել այդ դժվարին, առաջին հայացքից ոչ այնքան գրավիչ մասնագիտության հմայքն ու նրբությունները, և քանի՜ քանիսն անսաց նրա կոչին՝ տղամարդ լինել, դժվարություններին պատրաստ, միշտ հիշելով, որ դժվարն ինքնին արդեն հետաքրքիր է:

Պատկառելի է Ստեփան Մեխակյանի վաստակը, տարիքը՝ նույնպես: Վաստակած հանգստի անցնելուց հետո էլ դադար չառավ, կապը չկտրեց ոչ ինստիտուտի, ոչ էլ Օգտակար հանածոների պաշարների գործակալության հետ (դասախոսական աշխատանքից հետո այստեղ զբաղեցրել է գլխավոր մասնագետի, բաժնի պետի, իսկ այնուհետև՝ գործակալության պետի տեղակալի պաշտոնները, ներկայում ևս հանդիսանում է ՀՀ ՕՀՊԳ-ի Պետական ընդերքաբանական հանձնաժողովի անդամ), ոչ էլ իր սաների հետ:

Պարբերաբար հրավիրվել է մերթ որպես փորձագետ, մերթ որպես ավարտական քննությունների հանձնաժողովի անդամ: Նրա համար հաճույք է սիրած բնագավառին ծառայելը, փորձն ու գիտելիքները նախկին ու նոր սաներին փոխանցելը, որոնց հետ այժմ շփումների, համագործակցության նոր հնարավորություն է բացվել:

Մեկամյա պատմություն ունի վերստեղծված «Մայնինգ տեխնոլոջի ընդ ինժեներինգ» ընկերությունը, որի վերակազմավորման ակունքներում նաև ինքն է կանգնած և կատարում է ընկերության փոխտնօրենի պարտականությունները: Նախանձելի ոգևորությամբ է խոսում այս ընկերության կատարած աշխատանքների և դրանց կարևորության մասին: «Բավականին աշխատանքներ ենք անում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համար, ստանձնել ենք կոմբինատին հետաքրքրող նախագծերի մշակման գործը: Ճիշտ է, վերակազմավորված ընկերությունում ներգրավվել են լեռնային գործի դպրոց անցած, հարուստ փորձ ունեցող մասնագետներ, սակայն կոլեկտիվը դեռ կազմակերպման-կոմպլեկտավորման փուլում է»:

Ստեփան Մեխակյանի համար մի առանձին հպարտություն է, որ իր սաները լեռնահանքային արդյունաբերության ոլորտում հայտնի մասնագետներ են, ովքեր իրենց վճռորոշ խոսքն են ասում այս բնագավառում կարևորագույն խնդիրների լուծման գործում: Այստեղ էլ ընկերության աշխատանքը մեծապես պայմանավորված է իր սաներով. նրանք են այս կառույցի շարժիչ ուժը: Ստեփան Մեխակյանը հպարտություն է ապրում նրանց կողմից գնահատված լինելով, հատկապես շոյված է իր նախկին սաներ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի և «Մայնինգ

տեխնոլոջի ընդ ինժեներինգ» ընկերության տնօրեն Խաչիկ Սապոնջյանի հոգատարությունից: Երջանիկ է, որ մշտապես նրանց միջավայրում է, և, ինչպես ասում է, նրանցից ավելին է սովորում, քան ինքն է տվել: Ստեփան Մեխակյանին մեծ բավականություն է պատճառում նաև այն, որ իր ֆակուլտետում այսօր էլ շրջանավարտների մեջ քիչ չեն իրենց ապագան լեռնամետալուրգիայի մեջ տեսնողները, որոնք և սեր, և ձգտում ունեն՝ խորանալու իրենց մասնագիտության մեջ: «Ինձ հուսադրում է, որ այս ուղին ընտրած երիտասարդները գիտակցում են երկրի տնտեսության մեջ հանքարդյունաբերության դերն ու նշանակությունը, զարգացման հեռանկարները և պատրաստ են իրենց մասնակցությունը բերել այդ հայրենանվեր գործին»:

Շփումը լեռնային գործի մեջ նոր-նոր ոտք դրած մասնագետների հետ, Ստեփան Մեխակյանին այս համոզմանն է բերել, որ հերթափոխը վստահելի ձեռքերում է:

...Որքան էլ փորձում ենք զրույցն իր շուրջը թեքել, նա շրջում է դեպի ընդհանուրը՝ համեստորեն խուսափելով խոսել իր մասին: Զրույցին ակամա միջամտում է «Մայնինգ տեխնոլոջի ընդ ինժեներինգ» ընկերության տնօրեն Խաչիկ Սապոնջյանը: Պարզվում է, որ հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության կողմից Ստեփան Մեխակյանը պարգևատրվել է մեդալով: Գործընկերոջ և նախկին սանի «մատնությունից» հետո միայն գզրոցից հանում է պարգևը:

Ինչպես ասում են՝ արժանին՝ արժանավորին…

Հեղինակ՝ Ս. Մարտիրոսյան

«ՀԱՆՔԱԳՈՐԾ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳ» ՀԱՆԴԵՍ

ՍԵՊՏԵՄԲԵՐ, 2013թ.

 

 

Ֆոտոռեպորտաժ

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ

Նկարներ

    Հետադարձ կապ

    Էլ.փոստ: hanqmet@mail.ru

    Հեռ: +374 (91) 49-03-46

    Հեռ: +374 (94) 49-03-46

    Ֆաքս: +374 (10) 53-42-52

    Հասցե: Հայաստան, Երևան, Սարյան 40/64